Հոկտեմբերի 17-ին հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն զգուշացրել է արևային եղանակին չխաբվել։ «Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ից, կզգաք արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ուժը»,- նշել է նա։
Հոկտեմբերի 15-ին կազմակերպությունը հայտնել էր հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-ին և 18-ին հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի զգալի մեծացման կանխատեսման մասին։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել էին: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետն այցելել էր աղետի գոտի։
ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Հունիսի 28-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր Լոռու մարզի ջրհեղեղից տուժած գյուղեր, բնակիչները պատմել էին, թե ինչպես են փրկվել ջրհեղեղից։