Գեղարքունիքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ 06:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերել է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած վիճակում, հնարավոր է՝ գայլերի ոհմակի հարձակման հետևանքով, գրել է Shamshyan.com-ը։
«Սովորության համաձայն ամեն առավոտ էս ժամին մտնում եմ գոմ, որպեսզի զբաղվեմ գառների խնամքով՝ արածեցնել, կեր տալ, ու ճիշտն ասած մտքովս չէր անցնի, որ հնարավոր է՝ գայլերի կողմից նման սպանդ իրականացվեր: Սա 1 կամ 2 գայլի բան չի, վարկ ենք վերցրել ու զբաղվում էինք էս գործով ու հիմա չգիտենք՝ ում դիմենք: Մոտ 400 մայրացու ոչխարներ ու գառներ կան, 100-ից ավելիին հոշոտել են, մի քանիսն էլ վիրավոր են. էդ վիրավորները հաստատ չեն ապրի: Երևի նման բան անգամ երազում չէի տեսնի,- պատմել է նա կայքին։
Նա ստացած վնասը գնահատել է մի քանի միլիոն դրամ և հույն է հայտնել, որ պետությունից աջակցություն կստանա ընտանիքը կերակրելու և վարկերը փակելու համար։
«Ուզում եմ հավատալ, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչի չէ՝ նաև կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն, մեր ընտանիքի ապրուստի միջոցն էր սա, չհաշված հազիվ ծերը ծերին հասցնում, վարկերն էինք փակում, հիմա բանկը գոնե մի 2 տարով վարկերը սառեցնեն, մինչև տեսնեմ՝ գլխիս ինչ է գալիս»,- ասել է նա։