ԱԺ պարազբանումը 1-ին, 2-րդ և 5-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին նիստերի դահլիճից հեռացնելու մասին արդեն հիմք է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ սկսելու համար, Armenia Today-ին ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա այսպես մեկնաբանեց երեկ՝ հոկտեմբերի 17-ին, իրավապահների՝ Անկախության հռչակագի վերաբերյալ հանրային լսումների մասնակից Հակոբյանին Սիմոնյանին վիրավորելու համար ԱԺ դահլիճից հեռացնելը։
«Վիրավորանքը քաղաքացիաիրավական խնդիր է և եթե որևէ մեկը վիրավորվում է, ապա դրա համար պետք է դիմի դատարան։ ԱԺ նախագահն ամենանուրբ հոգի ունեցող պաշտոնյաներից է, ով դատարան արդեն 26 քաղաքացիական հայց է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության մասով, այդ թվում դրանցից երկուսն իմ դեմ։ Սիմոնյանը չգիտեմ հիմա որտեղ է, թուրքերի մո՞տ է, Ժնևո՞ւմ է, բայց փաստորեն հեռավար հետևում է ԱԺ նիստերին և կարգադրում է, որ ԱԺ շենքից հեռացնեն մարդուն, ով իրեն չի գովել, չի ասել այսի՞նչ սիրուն ես դու․․․ կամ այդ ծառայողները, որ մարդուն հանեցին շենքից, իրենք գիտե՞ն ինչ են արել»,- շեշտեց Ղազարյանը։
Նա նշեց, որ ՊՊԾ լիազորություններն օրենքով սահմանված են և «այնտեղ գրված չէ, որ ԱԺ նախագահին կամ իրա եղբայր Կառլենին վիրավորելու համար պետք է մարդուն շենքից հանեն»։
Ղազարյանը նաև անդրադարձավ հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔԿ նախագահի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ երկու կողմերի խոսքում էլ հանցագործությունների մասին հայտարարություններ կան։