«Քաղաքացիական պայմանագիրը» ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ վիճաբանության միջադեպով պայմանավորված «հարցաքննության» է կանչել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել և քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից Աղազարյանի վարքը։
«Վերահսկող հանձնաժողովի պատգամավոր Հայկ Ցիրունյանը հաստատեց, որ նիստ են ունեցել, քննարկել են ներքին կուսակցական հարցեր։ Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը բողոք-նամակ է ուղարկել Աղազարյանի դեմ, ինչի հիմքով էլ վերահսկող մարմինը հրավիրել է ՔՊ պատգամավորին, սակայն Ցիրունյանը փորձեց ցրել՝ ասելով, թե Աղազարյանի նկատմամբ որևէ գործընթաց չկա»,- գրում է թերթը։
«Հրապարակը» պնդում է, որ «հարցաքննություն», այնուամենայնիվ, տեղի ունեցել է, և ՔՊ վերահսկող մարմինն «աջակվել է» Աղազարյանին՝ ասելով, որ նրա արարքը միանգամայն ընդունելի է, իսկ թե ինչ կորոշի վարչությունը, դա արդեն հարցի մյուս կողմն է։
«Ի վերջո՝ հանձնաժողովն արձանագրել է Աղազարյանի բացատրությունները, և առաջիկայում կներկայացնի վարչության դատին, որն էլ որոշում, հավանաբար՝ նկատողություն կհայտարարեն»,- գրում է լրատվամիջոցը։
Թերթը հավելել է, որ ՔՊ խմբակցությունում վրդովված են, որ միջադեպից օրեր անց Փաշինյանը որևէ վերաբերմունք չի արտահայտել Քյարամյանի պահվածքի վերաբերյալ, խմբակցության որոշ շերտեր կասկածներ ունեն, որ նա չի ցանկանում նեղացնել ՔԿ նախագահին, իսկ սա, ըստ թերթի, ենթադրում է, որ որոշ ՔՊ պատգամավորներ կարող են հայտնվել ՔԿ նախագահի «թիրախում»։
ՔՊ պատգամավորն ու Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին հոկտեմբերի 15-ին՝ Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը Քննչական կոմիտեի ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։
ԶԼՄ-ն հոկտեմբերի 16-ին գրել էր, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների հրաժարականին։ Միաժամանակ, թերթը հավելել էր, նա դա փորձում է անել դա այլ պատգամավորների օգնությամբ։ ԶԼՄ-ն Քյարամյանի կոշտ արձագանքը կապել էր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնականի՝ իր հասցեին ուղղված ռեպլիկի հետ, որն ասել էր՝ «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: