ՀՀ կառավարությունը երկարաձգել է 44-օրյա պատերազմում անհետ կորած 23 զինծառայողի ընտանիքներին ուղղվող ֆինանսական աջակցության ժամկետը, որը նախատեսված էր մինչև դեկտեմբեր։ Կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում ընդունված որոշմամբ՝ նրանք դեկտեմբերին կշարունակեն ստանալ 300 հազար դրամները։
ՀՀ կառավարությունն անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում էր ընդունել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2020-ից սկսած կառավարությունը պարբերաբար երկարաձգում է աջակցության ծրագրի ժամկետը։
Ծրագիրը երկարաձգելու մասին որոշում էին ընդունել նաև 2024-ի դեկտեմբերին, հոկտեմբերին։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած է համարվում 1016 մարդ։ 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով, ՔԿ տվյալներով, անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձի և 175 զինծառայողի։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։