Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց Ներքին գործերի նախարարության նախագծին, որով առաջարկել են խստացնել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։
ՆԳՆ-ն առաջարկել է նրանց էլեկտրոնային վիզաներ տրամադրել լրացուցիչ պայմանների առկայության դեպքում։
«Առաջարկում ենք Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով)»,- ասված է նախագծում։
Հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։
«Բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։ Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ)։ Առաջարկվում է նաև որպես էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման սահմանել նաև առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։ Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր»,- ընդգծել են ՆԳՆ-ում։
Առաջարկվում է սահմանել, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների դեպքում, ՀՀ պետական սահմանին վիզա ստանալու համար բավարար հիմք հանդիսանա ոչ թե այդ երկրների մուտքի վիզան, այլ միայն կացության կարգավիճակի փաստաթուղթը։
ՆԳՆ տվյալներով՝ 2022-ին Եգիպտոսի քաղաքացիներին տրվել է 3260 մուտքի արտոնագիր, իսկ 2023-ին` 6246, Իրաքի քաղաքացիներին 2022-ին տրվել է 10,884, իսկ 2023թ.՝ 10,564 մուտքի արտոնագիր։
«2023-ի ընթացքում ՀՀ մուտքի վիզա ստանալու համար Հնդկաստանի քաղաքացիներից ստացել ենք 86,942 դիմում, 2022-ին դիմումների քանակը կազմել է 34,199, այսինքն՝ 2023-ի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 155%-ով կամ 2,5 անգամ: Ստացված դիմումներից 67,628-ը (78%) բավարարվել է՝ տրվել է մուտքի վիզա, 15,422-ը (18%) մերժվել է, 3774-ը՝ (4,3%) չեղարկվել»,- ասված է նախագծում։