Իրանից փորձել են Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ, տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ ՊԵԿ աշխատակիցներն ԱԱԾ-ից տվյալներ են ստացել, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ Հսկողության տակ են վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։
«Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնված բեռնատարը զննման է ենթարկվել: Բեռնատարի կիսակցորդից` ցեմենտի պարկերի տակ թաքցված, հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ։ Ըստ այդմ՝ չի հաշվարկվել և պետբյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն դրամ ակցիզային հարկ»,- հայտնում են կոմիտեից։
Նշվում է, որ 68,500 տուփ ծխախոտը և բեռնատարն ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2-5 տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է Սյունիքի քննչական վարչություն։