«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Գալյանը 2020թ․ սեպտեմբերի 1-ին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և համակարգում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը: 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը նա զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ կուսակցության վարչությունն այսօր կքննարկի Արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
ՔՊ կուսակցության վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում երկրորդ անգամ Արդարադատության նախարարի թեկնածու չէր ընտրել, թեպետ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախարարի թեկնածու Արմեն Խաչատրյանն Armenia Today-ին չէր բացառել, որ նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արդարադատության նախարարի նախընտրելի թեկնածու դեռ չկա։
Հոկտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի թեկնածու է դիտարկում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանին։