Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին «հաջողակ գործարար տղամարդկանց» հետ ընթրիք կկազմակերպի, որին կմասնակցի 53 մարդ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակին։ Միջոցառման մասնակցության արժեքը կազմում է 1 մլն դրամ (2600 դոլար)։
Ընթրիքը կսկսվի ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում։
Թերթի տեղեկություններով՝ մուտքի տոմսի վճարումն իրականացվում է փոխանցումներով, և եթե ընթրիքին ցանկանում է ներկա գտնվել մեկ կազմակերպությունից մեկից ավելի մարդ, ամեն մեկն իր համար պետք է վճարի 1 միլիոն դրամ։
«Այս պահի դրությամբ՝ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է կատարել և մասնակցելու է ընթրիքին»,- թերթին հայտնել է գրասենյակի աշխատակիցը։
Վարչապետի տիկնոջ մասնակցությամբ բարեգործական առաջին ընթրիքը նվիրված էր Հայաստանի մարզերում սկսնակ կին ձեռներեցների աջակցությանը։ Այն տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ «ԱրմԱս» գինու գործարանում։ Միջոցառմանը մասնակցել էր 42 կայացած կին գործարար, որոնց մասնակցության շնորհիվ 42 սկսնակ կին գործարար մարզերում բիզնեսի զարգացման համար ստանալու էր 1 մլն դրամ։