Հոկտեմբերի 31-ին «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» դասախոսական անձնակազմը, ուսանողները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կիրականացնեն ԿԳՄՍ նախարարության նախագծի դեմ, որով համալսարանի 2-րդ մասնաշենքի մի մասն անհատույց օգտագործման իրավունքով տրվելու է Ֆրանսիական համալսարանին։ Ակցիա անցկացնելու վերաբերյալ լրագրողներին հայտնել են բուհի ներկայացուցիչները։
Ուսանողները և դասախոսները հավաքվելու են բուհի առաջին մասնաշենքի մուտքի մոտ, որտեղից Աբովյան փողոցով բողոքի երթով կշարժվեն դեպի կառավարության շենք։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» 2-րդ մասնաշենքի կեսը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու ԿԳՄՍ նախարարության նախագիծը նեռարված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում։ Ըստ նախարարության հիմնավորման՝ Ֆրանսիական համալսարանին Ագրարային համալսարանի տարածքը տրամադրում են կրթագիտական գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը նպաստելու է 2 համալսարանների միջև փորձի փոխանակմանը, Ֆրանսիայի գյուղատնտեսական ոլորտի առաջատար համալսարանների միջև գործընկերության հաստատմանը։