«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին մասնակցել է 62 տղամարդ գործարար, ինչի արդյունքում հավաքվել է 62 մլն դրամ, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հավաքված գումարը հատկացվելու է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծին, որի նպատակը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացումն է։
Ծրագրին կարող են դիմել 25-40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։
Վարչապետի տիկնոջ մասնակցությամբ բարեգործական առաջին ընթրիքը նվիրված էր Հայաստանի մարզերում սկսնակ կին ձեռներեցների աջակցությանը։ Այն տեղի էր ունեցել ապրիլի 14-ին՝ «ԱրմԱս» գինու գործարանում։ Միջոցառմանը մասնակցել էր 42 կին գործարար, որոնց մասնակցության շնորհիվ 42 սկսնակ կին գործարար մարզերում բիզնեսի զարգացման համար ստանալու է 1 մլն դրամ։