Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 1-ին մետրոյում առաջացած խցանումները բացատրել է գնացքների սակավությամբ։ Նա այսպես է մեկնաբանել սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում մետրոյի վագոնների մուտքի մոտ մարդկանց կուտակումներ են։
«Մետրոյի խցանումները կապ չունեն համակարգի ներդրման հետ, այլ վկայում են մեկ այլ խնդրի մասին՝ մենք նոր շարժակազմերի կարիք ունենք։ 2022 թվականից Երևանի մետրոպոլիտենի պարկը համալրել ենք 12 գնացքով։ Քաղաքապետարանն աշխատում է այս ուղղությամբ, և պետք է շարունակել ինտենսիվ աշխատանքը՝ պիկ ժամերին խցանումների խնդիրը լուծելու համար»,- քաղաքապետարանի նիստում պարզաբանել է քաղաքապետը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծ՝ նախատեսելով հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքի բարձրացում։ Հունիսին Ավինյանը հայտարարել էր, որ համակարգը կսկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից։
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 7-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել էր, որ մինչև հոկտեմբերի վերջ Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից և կանցնի միասնական վճարային համակարգի։
Կարդացեք նաև Armenia Today-ի հարցումը՝ ««Հարմար է և հիգիենիկ»․ «Ժետոնով տարբերակն ավելի լավ էր»․ քաղացիները՝ միասնական վճարային համակարգի մասին»։