Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած հարկադիր միգրանտները արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դրա համար նրանք պետք է այցելեն Երևանի միգրացիոն և քաղաքացիության ծառայություն կամ մարզերի որևէ սպասարկման բաժին, այնտեղ դիմում գրեն և ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ ծննդյան վկայական, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրող փաստաթուղթ, ամուսնության վկայական, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Երկու ամսվա ընթացքում նրանք կստանան ծանուցում, որ ՀՀ նախագահի հրամանագրով իրենց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, որից հետո պետք է նոր անձնագրի համար դիմում գրեն և ստանան այն։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներգաղթյալների թիվը գերազանցել է 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։
Մարտի 29-ին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ Հայաստանից արտագաղթել է 11 հազար արցախցի։ Ըստ որոշ գնահատականների՝ այդ թիվը հասնում է 15 հազարի, հավելել էր նա։ Որպես արտագաղթի հիմնական պատճառ Ստեփանյանը նշել էր սոցիալական և կենցաղային ծանր պայմանները։ Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել Armenia Today-ի թղթակցի այն հարցին, թե Կառավարությունը ունի՞ Հայաստանից հեռացած արցախցիների վերաբերյալ տվյալները։
ԱԱԾ-ից Armenia Today-ին հայտնել են, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան չվերադարձած արցախցիների թիվը կազմել է գրեթե 19 000 մարդ։