Մինչև չհասկանանք 44-օրյա պատերազմի պարտության պատճառներն ու չպատժենք մեղավորներին, չի լինելու արժանապատիվ, ապահով ու անվտանգ ապագա ու երկիր, Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ վաղը լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարին։ Նախկին դեպանի խոսքով՝ «կապիտուլյացիան սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են»։
Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ն չունի դրական ելքի շանս, քանի դեռ 44-օրյա պարտությունը չի արձանագրվել որպես նոր վերամեկնարկի զրոյական կետ, մինչև այն չի ֆիքսվել որպես բոլոր խնդիրների հիմք, մինչև չեն հստակեցվել պարտության մեղավորներն ու պատասխանատուները։ Նա նշել է, որ պարտության պատճառը հեղափոխությունն է, հանուն որի ժողովուրդը մոռացության է տվել պարտությունը։
«Արդեն 4 տարի է այդ մոռացության շղթային ավելանում են նորերը. սկզբում մոռացվեց, որ պարտություն է, հետո մոռացվեցին գերիները, հետո՝ անզեն ու ճակատագրի բախտին թողնված Ջերմուկի դիրքերի զինվորները։ Մոռացվեց, որ առանց որևէ կրակոցի հանձնել է Արցախի հետ կապող անվտանգային գոտիները և, դե ֆակտո, իշխանության ուղիղ ստորագրմամբ հանձնվել է Սյունիքի մարզի մի քանի ռազմավարական ճանապարհ, որից հետո առանց դիմադրության թույլ տվեց գրավել Հայաստանի մի քանի այլ ռազմավարական վայրեր ու բարձրունքներ, շարունակելով դա սահմանազատման քողի տակ՝ զրկելով Հայաստանին բոլոր տեսակի պաշտպանական գոտիներից։ Ի վերջո, անգրագիտության, դավաճանության, ստորության ու հիմարության հետևանքով կորսվեց Արցախը»,- հավելել է նախկին դեպանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ժամը 07:10-ից մարտական գործողություններ էին ծավալվել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հրադադարի մասին հայտարարություն էին ստորագրել։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր գաղթել ՀՀ։