Մինչև նոյեմբերի 22-ը երդում չտված օտարերկրացիները Ռուսաստանի քաղաքացիություն չեն ստանա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
«Նոյեմբերի 22-ը վերջնաժամկետն է այն անձանց երդում տալու համար, որոնց վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին որոշումներ են կայացվել»,- նշել են գերատեսչությունից։
Ընթացակարգը պարտադիր է դարձել 2017 թվականի սեպտեմբերի 1-ից։ Երդում տալուց հրաժարվելու դեպքում Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու որոշումը չեղյալ է հայտարարվում։
2023 թվականի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի մինչև սույն փաստաթղթի ուժի մեջ մտնելը քաղաքացիություն ստացած անձինք պետք է մեկ տարվա ընթացքում երդվեն։
Հստակեցվում է, որ սույն հրամանագրի դրույթները չեն տարածվում այն օտարերկրացիների վրա, ովքեր անձնագիր են ստացել մինչև երդման պարտավորության ներդրումը, ինչպես նաև նրանց վրա, ովքեր քաղաքացիություն ձեռք բերելու օրն ազատվել են երդում տալուց։
Երդման տեքստում նշվում է, որ քաղաքացին պետք է պահպանի երկրի սահմանադրությունը և հարգի նրա մշակույթն ու պատմությունը։
«Ես (լրիվ անունը), կամավոր և գիտակցաբար ընդունելով Ռուսաստանի քաղաքացիությունը, երդվում եմ պահպանել Ռուսաստանի սահմանադրությունը և օրենսդրությունը, նրա քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կատարել Ռուսաստանի քաղաքացու պարտականությունները՝ ի շահ պետության և հասարակության, պաշտպանել Ռուսաստանի ազատությունն ու անկախությունը, հավատարիմ լինել Ռուսաստանին, հարգել նրա մշակույթը, պատմությունը և ավանդույթները»,- ասվում է տեքստում։
Երդում տալուց ազատվում են մինչև 18 տարեկան անձինք, իրավաբանորեն անգործունակ ճանաչված անձինք, նաև նրանք, ովքեր հաշմանդամության պատճառով չեն կարողանում կարդալ կամ արտասանել երդման տեքստը և (կամ) ստորագրել այն։