Նոյեմբերի 10-ին Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք՝ գերեվարված հայորդիների ազատության համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։
Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձն է հղել հայ ժողովրդին՝ կոչ անելով համախմբվել և աղոթել Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած քույրերի ու եղբայրների, նրանց իրավունքների վերականգնման, գերեվարվածների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։
«Միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես արդարության ու արդարադատության կոչ՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման։ Մեր աղոթքն ենք հնչեցնում Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների ազատության համար։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման»,- ասել է կաթողիկոսը։
Անդրադառնալով նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի (COP29) նստաշրջանին՝ Գարեգին 2-րդը ՄԱԿ-ին կոչ է արել գերիների ազատելու հրատապ միջոցներ գործադրել։
«Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիո Գուտերեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատման կարևոր գործին»,- հավելել է նա։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին Ժնևի Սեն-Պիեռ տաճարում Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար համաշխարհային աղոթքի արարողություն տեղի կունենա։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կանցկացվի COP29 համաժողովը։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հոկտեմբերի 28-ին հայտնել էր առաջիկայում Ադրբեջանի հետ գերիների և անհայտ կորածների հարցով հնարավոր հանդիպման մասին։