Կաթողիկոսին գերիների հարցով առաջարկ եմ արել, գործողություններ են իրականացվել, լրագրողներին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով COP29-ը համաժողովին Հայաստանի մասնակցության և գերիների ազատման վերաբերյալ հարցին։
«Գերիների հարցով անհատապես եմ զբաղվել՝ որպես հանձնաժողովի նախագահ։ Գնացել եմ վեհարան՝ կաթողիկոսի մոտ, գերիների հետ կապված առաջարկով եմ հանդես եկել։ Նա չմերժեց, գործողություններ տեղի ունեցան։ Արդյունքի մասին՝ ապագայում կտեսնենք։ Առանց հանրայնացնելու պետք է այդ հարցով զբաղվել՝ մինչև վերջին գերու հետ գալը»,- ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվություն չունի և որևէ կոնկրետ որոշման դեպքում ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ։ Իր կարծիքով՝ «գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ»։
«Եթե միջազգային նման համաժողովը մարդասիրական, հումանիտար բնույթ ունի, գերիների հարցը պետք է լուծվի, պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված պահանջը»,- նշել է նա։
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռում աղոթք էր տեղի ունեցել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Պատարագի ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայ գերիների ազատման հարցում օգնության խնդրանքով։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։