Շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29), հայտնել է The Associated Press-ը։
«COP29-ն անցկացվում է Ադրբեջանում, որը ռեպրեսիվ օկուպացիոն պետություն է, իրականացնում է էթնիկ զտումներ և մշտապես ճնշում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը։ Ադրբեջանի համար COP29-ն իր հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները լվանալու հնարավորություն է։ Ավտորիտար նավթային պետությունում սառը կլիմայի վերաբերյալ համաժողովը դուրս է աբսուրդի շրջանակներից»,- ասել է բնապահպանը։
Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
COP29 Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հոկտեմբերի 28-ին հայտնել էր առաջիկայում Ադրբեջանի հետ գերիների և անհայտ կորածների հարցով հնարավոր հանդիպման մասին։