Եվրոպական միության գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի իշխանությունների բռնաճնշումների։ Բողոքի ակցիայի մասնակից, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը հայտնել է, որ իրենց նպատակն է Հայաստանում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցել ԵՄ ներկայացուցիչներին։ Նա վստահ է, որ «եվրոպացիներն իրենք ի վերջո կսկսեն հետաքրքրվել այս հարցով»։
«Հայաստանում տիրում է ավտորիտար ռեժիմ։ Քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ, այսինքն՝ լռեցնելու այն ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են առկա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։ Եվ քանի որ այս իշխանությունները մեծ աջակցություն ունեն ԵՄ գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան կողմից, որոշեցինք ԵՄ գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն նամակներ հանձնել, որոնք տեղեկացնում են, թե ինչպիսի դրսևորումներ ունեն քաղաքական բռնաճնշումները։ Այս նամակներով հորդորում ենք իրենց աջակցություն տվող կառույցներին, որպեսզի հետամուտ լինեն, որ իրենց աջակցությամբ, մեր համոզմամբ, ավտորիտար ռեժիմ չստեղծվի»,- նշել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հանրապետությունում հաճախակի են դարձել ապօրինի քրեական գործերի, կալանավորումների դեպքերը։
«Մենք Նիկոլ Փաշինյանին ավտորիտար պոպուլիստ դիկտատոր ենք համարում։ Հենց ինքն է այս միջավայրն ստեղծողը և հենց իր ու իր ենթականերից է այդ քաղաքական հետապնդումների հրահանգը գալիս։ Այլապես՝ ոստիկանի խելքին ինչի՞ պիտի փչի մեզ ու մեր ընկերների, որոնք ընդամնեը քաղաքական ընդդիմախոս են, հետևից ընկնեն, ապօրինի զենքի թեմաներ կարեն այդ մարդկանց վրա»,- եզրափակել է բողոքի ակցիայի մասնակիցը։
Նոյեմբերի 7-ին Արդարադատության նոր նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանում «զանգովի արդարադատություն» և քաղբանտարկյալներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։