Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը հայտարարել է ՔՊ-ից դուրս գալու մասին։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խոջումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։
Խոջումյանը նշել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ չի ցանկանում իր հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա ՔՊ-ի և Սարուխանյանի վարկանիշի վրա։
«Քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ, որ որոշ շահագրգիռ անձինք հենց այդ նպատակով են շահարկումներ անելու»,- գրել է նա։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև Բալասանյան դաշինքի ավագանու անդամները։ Հոկտեմբերի 24-ին ՔՊ-ն, որը մեծությամբ երկրորդն է Գյումրու ավագանիում «Բալասանյան» դաշինքից հետո, հայտարարել էր, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների և արդեն ունի քաղաքապետի թեկնածու։
Հոկտեմբերի 29-ին «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն ԱԺ պատգամավոր Սարուխանյանն է, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը: Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։