Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, տեղեկացնում է վարչապետը տելեգրամյան ալիքում։
Ըստ կառավարության մամուլի ծառայության՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նա Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ «Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է»,- ասել է նա։
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։ Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նոյեմբերի 18-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան։ Նրան ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը։