Եվս մեկ անգամ փորձելու են համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը, այսպես է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը տիտղոսակիր հայ մարզիկների չմասնակցելու որոշումը։
Նրա խոսքով՝ նպատակն է, որպեսզի «հայը լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին»։
Ջուլֆալակյանը նշել է, որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային (UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է և դեռ պետք է պարզել, թե ով որոշել է երկրորդական այս մրցաշարը հյուրընկալելու դիմում ներկայացնել:
«Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը և ի՞նչքան գումար է դուրս գրվել պետբյուջեից (ունեցածս տվյալներով նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները ՔՊ վերնախավի հետ»,- գրել է մարզիկը։
Ջուլֆալակյանը շեշտել է, որ «հեղինակը հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին,որոնց անձամբ համակրում է»։
Նա նաև ընդգծել է, որ մրցումներն արդեն սկսվել են և բարձրացված աղմուկն արդյունք չի ունենալու։ «Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ,մշակույթ,արվեստ), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելու՞ են»,- հավելել է նա:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը նոյեմբերի 20-22-ը կանցկացվի Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու առաջնությանը։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի առաջնությանը և ստեղծված իրավիճակն անհասկանալի է ֆեդերացիայի համար:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել էր, որ մարզիկները չեն համապատասխանել մրցույթի կազմակերպիչների՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդի (CISM) կողմից ներկայացված չափանիշներին։ Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանի մասնակցությունը բազմաթիվ շահարկումների առարկա կդառնար։
Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ դրոշն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր պահած, հայրենիք մեդալներով վերադարձած 10 մարզիկ համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը՝ պարտադիր ժամկետային ծառայության անցնելով մարզական վաշտում։ Նշվում էր, որ նրանք կմասնակցեն ՀՀ-ում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Բանակ զորակոչված մարզիկների թվում են աշխարհի կրկնակի չեմպիոն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանը։