«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել է այսօր ժամը 13:30-14:30-ն Ավան, Առինջ և Բագրևանդ թաղամասերում հոսանքազրկման մասին՝ երեկ երեկոյան Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու նպատակով։ Հոսանքազրկման պատճառը բեռնատարի կողմից էլեկտրահաղորդման օդային գծերի վնասումն էր։
Ընկերությունը հայտնել է, որ 110 կՎ լարման օդային բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը վնասած բեռնատարի չափերը գերազանցել են բեռնափոխադրումների թույլատրելի առավելագույնը։
Օպերատիվ կերպով իրականացված վթարավերականգնողական աշխատանքներից հետո ընկերության աշխատակիցների կողմից վերականգնվել է այս տարածքների բաժանորդների էլեկտրամատակարարումը, սակայն բեռնատարն անվտանգության գոտուց հանելու հնարավորություն չի ընձեռնվել, նշել են ընկերությունից։
«Այսօր բեռնատարը տեղափոխելու նպատակով և ելնելով աշխատանքի անվտանգության կանոնակարգի պահանջներից՝ ժամը 13:30-14:30-ը նշված հատվածներում մեկ ժամով կդադարեցվի էլեկտրամատակարարումը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 20-ին ՀԷՑ-ն Armenia Today-ին հայտնել էր Երևանի Ավան թաղամասում էլեկտրաէներգիայի անջատման մասին։ Ժամը 22:29-ին վերականգնվել էր Երևանի Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի հոսանքազրկված բաժանորդների էլեկտրամատակարարումը։