Ադրբեջանը Հայաստանի և Արցախի որոշ կոթողների նկատմամբ կիրառում է «հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։
Հիմնադրամից նշել են, որ պատմական, հոգևոր կառույցների վրա արված հայատառ գրությունները, ըստ ադրբեջանցիների, արվել են նոր շրջանում։
Այս հնարքն օգտագործվել է, օրինակ, Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողիներից մեկի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի «գիտնականների» կեղծ պնդումներով՝ հայերն «ալբանական եկեղեցիների դեմ նյութական և հոգևոր հանցագործություններ» են սկսել 1836 թվականից, երբ «աղվանական եկեղեցին դարձել է թեմ ու ենթարկվել Էջմիածնի եկեղեցուն»։
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարին հայտնել էր, որ Բաքուն փորձում է յուրացնել Սաղմոսավանքը և Նորավանքը՝ Հայաստանի օկուպացման ծրագրերի շրջանակներում։
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը կիրառվում է նաև Դադիվանք վանական համալիրի նկատմամբ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերի վերջին։
Հիմնադրամը մեջբերել է վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածը, ըստ որի 1993-2020 թվականներին հայերը փորձել են կեղծել վանքի պատմությունը՝ այն ներկայացնելով հայկական։ Օրինակ՝ իբր փոխարինվել են համալիրի խորհրդանիշերը, տեղադրվել այլ խաչեր, պատերին հին հայերեն գրություններ են ավելացվել, իսկ ուդի-աղվանների հին գերեզմաններն իբր ավերվել են։
Դեռևս 2021 թվականին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում պատարագ էին մատուցում։ 2024 թվականին Վատիկանի պաշտոնաթերթում հոդված էր հրապարակվել, որտեղ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացվել էին որպես աղվանական՝ չունենալով որևէ փաստական հիմք։ Արցախի թեմը հոդվածն անվանել էր ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ծառայություն։
Ադրբեջանն Արցախում գտնվող մշակութային ժառանգության բոլոր շերտերը փորձում է «աղվանականացնել», ահազանգել էր Monument watch-ը:
Մարտին ադրբեջանական լրատվամիջոցները ոչ միայն «ալբանական» էին անվանել օկուպացված Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, այլև մեղադրել էին հայերին «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու համար։ Ապրիլին Ադրբեջանն Արցախի Քաշաթաղի շրջանի հայկական Զորախաչ եկեղեցին անվանել էր «աղվանական»։ Հուվարին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը՝ այնտեղ «աղվանական ծեսեր» անցկացնելով:
2023թ. դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին: Ադրբեջանցիները փորձում են աղվանականցնել նաև Ամարասի վանքը, Տողի մելիքական ապարանքը: Արցախի Քաշաթաղի շրջանում գտնվող Շալվայի 17-18-րդ դարերի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Ադրբեջանը նույնպես ներկայացնում է որպես աղվանական։
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:
2023թ․ մայիսին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դատապարտել էր Արցախի պատմության կեղծումը և նրա հայկական ժառանգության «ալբանականացումը»։