Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել և դուրս չեն եկել երթուղի՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները, այդ թվում՝ բարձրացնել աշխատավարձերը։ Armenia Today–ի թղթակցի տեղեկություններով՝ այս պահին Երևանում աշխատում են մասնավոր ընկերությունների՝ 22, 97, 33, 75, 44, 46 պետհամարանիշներով ավտոբուսները։
Ավելի ուշ, մեկնաբանելով վարորդների գործադուլը, քաղաքապետարանում ընդգծել են, որ նրանց աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծումներ են ստացել, և այս քայլը որպես շանտաժ են գնահատել։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն «անտրամաբանական» է որակել վարորդների պահանջները։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց՝ բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»,- հավելել է Կոստանյանը։
Նա նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ վարորդները գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել։
«Անգամ ծանուցելու դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։ Դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- եզրափակել է խոսնակը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։