Երևանի քաղաքապետարանը հայտնել է աշխատավարձը բարձրացնելու պահանջով դեկտեմբերի 3-ին գործադուլ հայտարարած տրանսպորտի 18 վարորդի աշխատանքից ազատելու մասին, տեղեկանում ենք քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի Facebook-յան էջից։
«Այս պահի դրությամբ՝ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- հստակեցրել է Կոստանյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անհարմարության համար ներողություն է խնդրել Երևանի բնակիչներից և նշել, որ գործադուլի կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Ավինյանը հայտնել է, որ քաղաքային իշխանությունը չի պատրաստվում կոմպրոմիսի գնալ վարորդների հետ։
«Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու»,- գրել է նա։
Դեկտեմբերի 3-ի առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել և դուրս չեն եկել երթուղի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։