Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է այսօր գործադուլ հայտարարած «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատանքից ազատված վարորդների թիվը։ Նրա խոսքով՝ 32 վարորդ հեռացվել է աշխատանքից։
«Ցավով եմ նշում, որ 32 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այն ընդդիմադիրները, որոնք ուղղորդում էին այս գործընթացը, հասկանո՞ւմ են, որ այս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին»,- ասել է նա և ավելացրել, որ սա այն դեպքն է, երբ անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի։
Ավինյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման բոլոր անհրաժեշտ դեպքերը կքննարկվեն՝ չբացառելով դրանց վերանայումը։
«Բայց քաղաքապետարանի ընդհանուր մոտեցումն այս առումով չի փոխվելու»,- ընդգծել է Ավինյանը՝ ասելով, որ «փոխզիջում չի լինելու» և հավելել, որ քաղաքապետարանի «միակ առաջարկն այն է, որ վարորդները վերադառնան աշխատանքի»։
Նա գործադուլը կապել է այն հանգամանքով, որ նոյեմբերի 1-ից միասնական տրանսպորտային համակարգում այլևս կանխիկ գործարք ավտոբուսում տեղի չի ունենում և նշել, որ գործադուլ հայտարարած վարորդների հնչեցրած թեմաներով «իրականացվում են աշխատանքներ»:
«Որոշ խնդիրներ առհասարակ լուծվել են, որոշները լուծման ընթացքում են»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ո՞ր ուղղություններով և ի՞նչ աշխատանքներ են կատարվում։
Մեկնաբանելով վարորդների աշխատավարձերի բարձրացման հարցը՝ Ավինյանն ասել է, որ խոսք էր տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել 2023 թվականին և կատարել է խոստումը․ «Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել»։
Քաղաքապետը հավելել է, որ աշխատավարձերի բարձրացման մասին խոսակցությունները կապված են արտաժամյա աշխատանքի վճարումների հետ, որը ինքը հաստատել է:
«1-2 օր հետո վարորդներն արտաժամյա գումարները պետք է ստանային»,- մանրամասնել է նա:
Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն արտաժամյա աշխատանքային խնդիրն օրենսդրության համապատասխան է պատրաստվում լուծել։
Մեկնաբանելով վարորդների բարձրացրած խնդիրները՝ հանգստի, ճաշի, պետքարան գնալու հնարավորության և մեքենաները լվանալու պայմանների բացակայության հետ կապված՝ Ավինյանն ասել է, որ քաղաքապետարանը փորձում է «բոլոր աշխատակիցների նկատմամբ հոգատարության ընդհանուր սկզբունքը պահպանել»։
Քաղաքապետը խոստացել է, որ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Երևանում տրանսպորտը կաշխատի աշխատանքային ռեժիմով, հաճախականության տեսանկյունից հնարավոր է խնդիրներ լինեն։
«Եթե պետք լինի, անձնապես ավտոմեքենաներով կգնանք, մարդկանց էլ կոչ կանենք կանգառներից մյուսներին տեղափոխել», – եզրափակել է նա։
Դեկտեմբերի 3-ի առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են հայտարարել և դուրս չեն եկել երթուղի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։