«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների դեկտեմբերի 3-ի գործադուլից հետո Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշել է, որ շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։
Դեկտեմբերի 3-ի առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել և դուրս չէին եկել երթուղի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ 32 վարորդ աշխատանքից ազատվել է։ Նա հավելել էր, որ աշխատանքից ազատման բոլոր դեպքերը կքննարկեն՝ չբացառելով դրանց վերանայումը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։