Ավելի քան 75 հազար երևանցի միացել է հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքին, հայտարարել է նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։
«Մարդիկ, միանակով ստորագրահավաքին, ասում են, որ իրենք դեմ են այս խայտառակ թանկացմանը, այս խայտառակ որոշմանը»,- ասել է նա ֆեյսբուքյան տեսանյութում։
Նախկին քաղաքապետը խոստացել է, որ դեկտեմբերի 18-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ կփոխանցի քաղաքացիների բոլոր բողոքները։ Նա նշել է նաև, որ տարբեր վարչական շրջաններում իր թիմերն ստորագրահավաքը կշարունակեն մինչև դեկտեմբերի 18-ը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։