ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արիտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:
Դելփյան խաղեր են անվանում արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող մրցությունների (մրցույթներ, փառատոններ), ինչպես նաև ցուցահանդեսների և ցուցադրությունների համախումբը։
2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի էր ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների 11 անվանակարգում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել էր 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգում: