Մահացել է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը, Ֆեյսբուքի էջում հայտնել է Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը։
«Մորս կորցրինք։ Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»,- գրել է նա։
Հովսեփ Աղազարյանը տեղեկացրել է, որ հոգեհանգիստը կկայանա վաղը՝ ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող Alla Luce սգո սրահում, հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ նույն վայրից՝ ժամը 13:00-ին։
Դեկտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը և չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Դեկտեմբերի 18-ին՝ մեկ տարի պաշտոնավարելուց հետո Հովսեփ Աղազարյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից։
Փաշինյանը Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։