ՀՀ-ում կա շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդ, որոնք ո՛չ կրթվում են, ո՛չ աշխատում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հայտնել է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել զբաղվածության նոր ռազմավարություն, որի նպատակն է այդ երիտասարդներին ապահովել աշխատանքով։
«Հիմա մենք պետք է շուրջ 130 հազար երիտասարդի փորձենք շատ արագ վերակրթման, վերապատրաստման ծրագրերով ուղղորդել դեպի աշխատաշուկա, սա մեր ռազմավարության կարևորագույն թիրախներից մեկն է»,- ասել է Մկրտչյանը։
Նա հավելել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, և երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը երկրների ռազմավարության առանցքում է։
«Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ սա ամենակարևոր թիրախային խմբերից է։ Դժվար կլինի ֆորմալ կրթության միջոցով նրանց հմտությունները զարգացնել։ Հաճախ շատ երկրներ, հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը, արհեստական բանականության բերած փոփոխությունները, կարճաժամկետ հմտություններ են զարգացնում։ Հմտություններն արագ զարգացնելով՝ նրանց ուղղորդում են տարբեր ոլորտներ աշխատելու և տնտեսության մեջ էֆեկտներ ստեղծելու։ Մեր ռազմավարությամբ պետք է անդրադառնանք այս խմբին, որն առաջիկայում էական նշանակություն է ունենալու»,- ասել է նախարարը։