Հանրային հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի հեռարձակումը, հայտարարել են Մայր Աթոռում։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանել են, որ հեռուստաընկերությունը կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսել է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին՝ շարունակելով շրջանցել կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման տասնամյակների ավանդույթը, ըստ որի՝ այն հեռարձակվում էր կեսգիշերից՝ 00։00-ից առաջ՝ նախագահի և վարչապետի ուղերձների հետ։
Մայր Աթոռում նշել են, ուղերձի հեռարձակման ժամի մասին տեղեկացել են հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից։
«Ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հեռուստաընկերության միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները»,- ընդգծել են Մայր Աթոռում։
Հստակեցվել է, որ Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակելու են Ամանորի գիշերը՝ իրենց հասանելի լրատվամիջոցներով և նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:
2023-ին՝ 2024-ի ընդառաջ, Մայր Աթոռը հայտարարել էր, որ առանց որևէ պատճառաբանության հեռուստաընկերությունը կաթողիկոսի ուղերձը չի հեռարձակելու կեսգիշերից առաջ։ Հանրային հեռարձակողի խորհուրդը նշել էր, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները։