Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձում ներողություն է խնդրել հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի համար։
Ավելի վաղ Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում էր անցկացրել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160 000 դրամ է։
Հարցին ի պատասխան՝ քաղաքապետի հայրն ասել էր՝ «պիտի 500 000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով»։ Ընդ որում՝ քաղաքապետի հայրը նշել է, որ չի վճարել գումարը, քանի որ իր մեքենան էլեկտրական է։
Ավինյանը հոր պատասխանը «կոպիտ ու տգեղ» է անվանել և նշել, որ դա հնարավոր է նյարդային վիճակի հետևանք լինի։
«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել և վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են։ Շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար և ներողություն եմ խնդրում»,- ասել է Ավինյանը։
Ըստ նրա՝ քաղաքապետարանը բոլորի շահերի պաշտպանության գաղափարով է առաջնորդվում։
«Մեր վերաբերմունքը երևանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով և չկա տարանջատում»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը։ Ըստ քաղաքապետարանի՝ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ էին մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ: