ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2024թ․ ՃՏՊ-ների թվի նվազումը կապել է պարեկային ծառայության աշխատանքի հետ։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտնել է, որ հանրապետությունում 2024թ․ արձանագրվել է 4245 ՃՏՊ, որը 236-ով քիչ է 2023թ․ համեմատ։ Նրա խոսքով՝ ավտովթարների զոհերի թիվը նվազել է 44-ով, վիրավորների թիվը՝ 398-ով։
«Թվերի նվազման գաղտնիքը պարեկային ծառայության աշխատանքի մեջ է։ Մեր քաղաքացիների շրջանում էական վարքագծային փոփոխություն չենք նկատում, երբ խոսում ենք ճանապարհային երթևեկության մասին։ Բայց հաշվի առնելով պարեկային ուժեղացված ծառայությունն ամբողջ հանրապետությունում՝ նկատում ենք, որ պարեկների ներկայությունը, հատկապես մայրուղիներում, բավական կանխարգելիչ նշանակություն ունի, չեն լինում պատահարներ և խախտումներն անմիջապես արձանագրվում են»,- ասել է նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ սա կարճաժամկետ միջամտություն է և հեռանկարային, կայուն արդյունքներ կարող են լինել քաղաքացու վարքագծի փոփոխության պարագայում։
Նա նաև անդրադարձել է հավաքաների ժամանակ ուժի կիրառման համաչափությանը և շեշտել, որ ուժի կիրառման ստանդարտ չկա։ Նախարարի խոսքով՝ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանք է տանում։
«Մեր ծառայողներին ստանդարտը ճիշտ մատուցելու պարագայում ահազանգերը կնվազեն։ Եթե չկա ստանդարտ, տրամաբանական է, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են դա մեկնաբանել, շատ հաճախ այդ դրվագները շահարկել, նաև օբյեկտիվ մտահոգություններ հայտնել այդ դրվագների մասին»,- հավելել է նա։
2023 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 12 զինծառայող էր զոհվել։