Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնավոր է համարել 2024 թվականի դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի եթերաժամի ընտրությունը, հայտարարել են ՀՀԽ-ից։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը պաշտպանում է դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները»,- ասված է հայտարարության մեջ։
ՀՀԽ-ն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ հաշվի է առնում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ սահմանադրությամբ»։ Մյուս կողմից նշել է, որ «կարևորում է հանրային հեռարձակողների անկախությունն ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից»։
Մայր Աթոռից դեկտեմբերի 26-ին հայտնել էին, որ Հ1-ը կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսել է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին՝ շարունակելով տասնամյակների ավանդույթը, ըստ որի՝ նրա ուղերձը հեռարձակվում էր կեսգիշերից՝ 00։00-ից առաջ՝ նախագահի և վարչապետի ուղերձների հետ։ Մայր Աթոռից տեղեկացրել էին, որ հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում նպատահարմար չեն համարում կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հ1-ի եթերով։
2023-ին՝ 2024-ի ընդառաջ, Մայր Աթոռը հայտարարել էր, որ առանց որևէ պատճառաբանության հեռուստաընկերությունը կաթողիկոսի ուղերձը չի հեռարձակելու կեսգիշերից առաջ։ Հանրային հեռարձակողի խորհուրդը նշել էր, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները։