Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը լրագրողներին հայտնել է, որ Քոչարյանը հրաժարվել է հանդիպել իրենց հետ։
«Քոչարյանը չի ընդունում մեզ։ Մենք ունենք հարցեր, որոնց հասցեատերն ինքն է։ Նա խուսափում է հանդիպել այն մարդկանց, որոնց պարտավոր է բացատրություններ տալ, ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքի ծավալն ու ձևաչափը»,- ասել է նա։
Կիրակոսյանի խոսքով՝ անհետ կորած զինծառայողների գործով բավարար չափով հարցաքննություններ չեն իրականացվում։
Հարազատները նաև նշել են, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։
Անհետ կորած զինծառայողների հարազատները հայտարարել են, որ պատրաստ են մինչև օրվա վերջ սպասել և փակ պահել Բաղրամյան պողոտան։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։