Բաղրամյան պողոտան փակած անհետ կորած զինծառայողների հարազատները վաղը կհանդիպեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ազգային ժողովում կայացած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպման ընթացքում։
Հարությունյանը հավելել է, որ անհետ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան։
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Քոչարյանի հետ։
Հարազատները նաև նշել են, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են մինչև օրվա վերջ սպասել և փակ պահել պողոտան։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։