«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Համապատասխան պայմանագիրն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն Հայկ Ալոյանը։
Ըստ նախարարության՝ ծրագրով արդեն իրականացվել է 500 մլն դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծվի շուրջ 1000 նոր աշխատատեղ։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրենը լրագրողներին հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:
Հունվարի 18-ին կառավարությունը որոշել էր «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերն ընդունել որպես նվիրատվություն։ Նախատեսվել էր դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։
2020թ․ ամռանը Ամուլսարի շահագործման շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում, սարի մոտ երկար ժամանակ հերթապահում էին Ամուլսարի պահապանները։ 2023թ․ փետրվարի ՀՀ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ:
2023թ․ մարտին ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ դեմ էին արտահայտվել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ կառավարությունը չի տրամադրել շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննություն, ինչպես նաև հաշվի չի առել 2019 թվականին պետբյուջեի հաշվին ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը։