Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, որը քննադատությունների էր արժանացել, «հաջողված» է անվանել։ Վարչապետը տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ կարդացել է դասագիրքը։
«Իհարկե, ես պատմության փորձագետ չեմ և պատմագիտական նրբությունների մեջ չեմ մտնի, բայց կարող եմ միանշանակ ասել, որ դասագիրքը հաջողված է հետևյալ իմաստով․ այն երեխաներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալել պատմությունը, մի բան, որը մեր իրականության մեջ, կարծում եմ, շատ է պակասում»,- ասել է նա:
Բացի այդ, դասագիրքը, ըստ Փաշինյանի, երեխաներին թույլ է տալիս «խաղարկային իրադրություններ ստեղծել մեր պատմության կարևորագույն դրվագների շուրջ և այդ խաղարկային, բանավեճային իրավիճակներում ընկալել պատմությունը և փորձել այսօրվա դիտանկյունից նայել իրադարձություններին և այդ դիտանկյունից քննարկել և ընկալել, ինչը շատ կարևոր նորամուծություն է»։
Ըստ Փաշինյանի՝ դասագիրքը կարդալը վերահաստատել է իր այն համոզմունքը, որ այդ առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»։ Նա հայտնել է, որ շուտով այդ վերնագրով նոր դասագրքեր կհրատարակվեն։
Իշխանությունները դասագիրքը ներառել էին դպրոցական ծրագրում 2023 թվականի սեպտեմբերին։ Պատմաբաններն ու մանկավարժները խստորեն քննադատել էին դասագիրքը՝ պատմությունը խեղաթյուրող փաստական սխալների համար։ Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն Armenia Today-ին ասել էր, որ դասագրքում չեն հիշատակվում Արևմտյան Հայաստանի հայկական հուշարձանները։ Նա դասագիրքը կապել էր երկրի Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պլանների հետ, ինչպես պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։
Դասագիրքը քննադատել էին նաև Armenia Today-ի հարցմանը մասնակցած ուսուցիչները։ Անդրեասյանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ նախարարությունը լրամշակում է դասագիրքը՝ հաշվի առնելով քննադատությունները։
Հուլիսի 11-ին կառավարությունը որոշել էր անվանափոխել «Հայոց պատմություն» դպրոցական առարկան «Հայաստանի պատմություն»։ Հոկտեմբերի 15-ին դատարանը բավարարել էր հայցն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից դպրոցները և ուսուցիչները կունենան դասագրքի այլընտրանքային տարբերակ:
Մանրամասները՝ տեսանյութում։