ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության 2024-ի գլխավոր մրցանակն ստացել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը, հայտնել են կառավարությունից։
Միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։
Մրցանակները շնորհել են վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակցի։
Իր ելույթում Փաշինյանն ընդգծել է, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, և մենք մեր հերոսներին պետք է ընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք արել են նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:
«Թող չթվա, որ այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը: Ընդհակառակը՝ նրանք ընկել են, որ Հայաստանն ապրի և զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանն ապրում է և զարգանում է, այդ թվում՝ Ձեր հերոսության շնորհիվ»,- շեշտել է նա։
Գլխավոր մրցանակը հանձնելով Մարտիրոսյանին՝ Փաշինյանը նշել է, որ նա իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել մարդկանց և օգնել նրանց, ովքեր իրենց կյանքը փրկելու համար հրատապ օգնության կարիք ունեն։
2023-ին «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը վարչապետ հանձնել էր դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին: