Armenia Today–ը հավաքել է Երևանում և մայրաքաղաքի մոտակայքում նախատեսվող միջոցառումներ ցանկը, որոնք, մեր կարծիքով, հունվարյան տոները պլանավորելիս արժանի են ուշադրության։
Տեսնել Լեռնային Հայաստանը Արտենիի բարձունքից
Հունվարի 5-ին Hamshen Tour-ը կազմակերպում է գալիք տարվա առաջին վերելքը Արտենի լեռ: Արշավի մասնակիցները մինչև վերելքը կայցելեն Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոց: Արշավի ընդհանուր երկարությունը 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մ, լեռան բարձրությունը՝ 2047 մ: Մասնակցության արժեքը, որի մեջ մտնում են տրանսպորտը և պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայությունները, 7500 դրամ է: Տեղեկատու հեռախոս՝ 093 55 14 85։
Գնալ Միքայել Ոսկանյանի «կախարդական» համերգին
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը հունվարի 3-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահ է հրավիրում երաժշտասեր երեխաներին և նրանց ծնողներին: Կազմակերպիչները խոստանում են կախարդական երեկո՝ երաժշտական նվերով և երեխաների համար մրցանակների խաղարկությամբ: Պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներից 4-ը կստանան երգի պրոֆեսիոնալ արտադրություն Oberton երաժշտական ընկերության կողմից, այց երաժշտական ստուդիա, ժողովրդական երգերի մեկ անվճար դաս, ինչպես նաև թառ նվագելու 1 անվճար դաս Ոսկանյանի հետ։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 10 000 դրամ։
Հին Նոր տարին դիմավորել հայկական ավանդույթներով «Ակունք» համույթի հետ
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հունվարի 12-ին՝ ժամը 19։00-ին, հրավիրում է համերգի՝ «Ակունք» ազգագրական պետական համույթի կատարմամբ։ Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս Վարդապետի և այլ հայ կոմպոզիտորների կողմից գրառված Սուրբ Ծննդյան երգերը, որոնք կուղեկցվեն հին հայկական ավանդական երգերով ու պարերով: Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
Սովորել հայկական ժողովրդական պարեր
«Կարին» համույթը հրավիրում է մասնակցելու վարպետության դասերի շարքի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել հայկական պարի արվեստին: Պարուսույց Մխիթար Դարմոնցի ղեկավարությամբ պարապմունքները կմեկնարկեն հունվարի 11-ին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի կենտրոնում (Երևան, Ագաթանգեղոսի 3)։ Դասընթացները կանցկացվեն շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 16։30-ից 18։00-ն։ Տարիքային շեմը 6+ է: Արժեքը՝ 10 000 դրամ (ամսական): Տեղեկատու հեռախոս՝ +374 98 620065: