Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ։
«Թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, ձեր բոլոր նպատակների իրականացում և քաջառողջություն: Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ հանգստության և վերականգնման տարի։ Հուսով եմ, որ այս տարի մենք ականատես կլինենք հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր բոլոր հայ բանտարկյալների ազատմանը և նրանց հայրենիք վերադառնալուն։ Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծագործություն։ Թող մեր ազգային հերոսների հոգիները պահպանեն մեր սուրբ հողերը»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից 2024 թվականի արդյունքներով 12-րդ անգամ հանրապետության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը։
Դեկտեմբերի 27-ին Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Նա վաստակել էր 87 միավոր։ Երկրորդ տեղը 62 միավորով զբաղեցրել էր Հայաստանի հավաքականի և Սլովակիայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել էր Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Սպորտի ոլորտում 2024 լավագույնների ընտրություն» մրցույթում Մխիթարյանը հաղթել էր «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում։