Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Թայ-բրեյքում Լագրավը մրցել է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և առավելության հասել 3 պարտիայում։
21 պարտիայից հետո Լագրավը, Դուդան և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան վաստակել էին 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Ֆիրուջան մնացել է երրորդ տեղում։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մ. Մարտիրոսյանը՝ 13,5 միավորով բաժանելով 8-18-րդ տեղերը։ Ի դեպ, կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և ոչ-ոքի խաղացել, իսկ 18-րդ տուրում հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին:
Արոնյանը թեև առաջնության գրեթե ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր, վերջին տուրում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և դուրս մնացել տիտղոսի համար պայքարից։ Արոնյանը գրավել է 5-րդ տեղը: Չորրորդ տեղը 14,5 միավորով զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովը։