Հայկական «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Պողոս Գալստյանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության որոշումը՝ Ռուսաստանի տարբեր մարզաձեւերի առաջնությունները բաց դարձնելու վերաբերյալ։
«Սա քաղաքական խնդիր է, բայց եթե հրավիրում են, ապա ինչո՞ւ ոչ։ Մենք պատրաստ կլինենք գալ: Տնային հանդիպումները կանցկացնենք Երևանում, ինչը նման կլինի ԽՍՀՄ առաջնությանը։ Բայց կարծում եմ՝ սրան չի հասնի, մարդիկ ռացիոնալ կմտածեն։ Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կհանվեն, և ամեն ինչ լավ կլինի։ Մեզ համար տարբերություն չկա, բայց մենք նման հարցեր չենք լուծում։ Բայց մենք դեմ չենք, սիրով կընդունենք նման առաջարկը»,- Metaratings.ru-ին ասել է Գալստյանը։
Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտնել էր, որ Ռուսաստանի ապագա գրեթե բոլոր առաջնությունները տարբեր մարզաձևերում բաց են լինելու, այսինքն՝ դրանց կկարողանան մասնակցել ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանցի մարզիկներն ու թիմերը։
Հայաստանի 2021/22 առաջնության 20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող «Փյունիկից»: Նախկինում թիմը երկու անգամ դարձել էր երկրի չեմպիոն։