Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշարի մեկնած մյուս մարզիկներն են 51 կգ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Ջանիկ Սահակյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 80 կգ Համբարձում Հակոբոբյանը, 86 Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և +92 աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Մեր ընտրանին մրցավայր է մեկնել Ռոբերտ Պետրոսյանի և Ռուդիկ Մկրտչյանի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմին կմիանա Սերբիայում: Մեր պատվիարկության հետ է նաև միջազգային կարգի փորձառու մրցավար Վարդան Բաղդասարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: