Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա մայիսի 28-ին կմեկնեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները: Նրանք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Մեկնարկի նախօրեին տեղի կունենա հին աշխարհամասի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը , որտեղ ելույթ կունենա Հայաստանի ԿԳՄՍ նախարարության պատասխանատու աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի հայոց մայրաքաղաքում 2023թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները:
Մեր երկրում քանիցս կայացել են միջազգային խոշոր մրցաշարեր: Դրանք հաջողությամբ են պսակվել և մասնակիցները գոհունակությամբ են հրաժեշտ տվել մեր Երևանին: Կասկած չկա, որ գլխավոր մրցասապարեզը ՝ ՄՀՀ – ն և օժանդակ մյուս կառուցներն ու գերատեսչությունները հաջողությամբ կհյուրընկալեն և կճանապարհեն մասնակիցներին:
Մինչ այդ, մեր հավաքականները այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց համակազմը ՝ Օլիմպավանում:
Հայտնի են նաև թիմերի կազմերը:
Տղամարդիկ ՝ Ռաֆիկ Հարությունյան / Գյումրի /, Կարեն Մարգարյան / էջմիածին , երկուսն էլ ՝ 81 կգ /, Անդրանիկ Կարապետյան , Վարդան Մանուկյան / երկուսն էլ ՝ Էջմիածին , 89 կգ / , Արա Աղանյան / Գյումրի / , Դավիթ Հովհաննիսյան / Էջմիածին , երկուսն էլ ՝ 96 կգ / , Սամվել Գասպարյան / Գյումրի, 102 կգ /, Արսեն Մարտիրոսյան / Էջմիածին, 109 կգ , / , Վարազդատ Լալայան , Գոռ Մինասյան / երկուսն էլ ՝ Գյումրի, + 109 կգ /:
Կանայք ՝ Իզաբելա Յայլյան / Երևան , 55 կգ /, Տաթև Հակոբյան / Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյան / Քասախ , 87 կգ /: