Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրվա 2-րդ մրցահերթի արդյունքները։ Հայաստանը ներկայացնող 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հայկական հավաքականի այսօրվա 4-րդ հաղթողն էր։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Սլովակ Դավիդ Միխալեկի դեմ պայքարում Նարեկը 2-րդ ռաունդում, 3 անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, կարողացավ ժամանակից շուտ ավարտել մենամարտը։ 2-րդ մրցահերթը հաղթական էր նաև 71 կգ քաշային կարգում հանդես եկող ուկրաինացի Յուրի Զախարիևի համար, իսպանացի Յուբո Սիսոկո Նբիայեի, իտալացի Սալվատորե Կավալլարոյի, անգլիացի Մուհամեդ Հարրիս Ակբարի համար։ Հաղթանակ են տոնել նաև վրացի Էսկերխան Մադիևը, գերմանացի Մագոմեդ Շաչիդովը, թուրք Նեսաթ Էքինչին և Ուելսից Գարեն Քրոֆթը։ 92 կգ քաշայիններից հաջողության հասածներն են Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը, Ազիզ Աբես Մուհիդինեն Իտալիայից, Գեորգի Չիգլաձեն Վրաստանից, Վահան Նանիձանյանը Հունաստանից, Ռոբերտ Մարթոնը Ուկրաինայից, Էմանուել Ռեյեսը Իսպանիայից և Սադամ Մագոմեդովը Սերբիայից, Լուիս Ուիլամս՝ Անգլիայից»,-նշվում է հաղորդագրության մեջ։