Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈՒԵՖԱ) իր կայքում հայտնել է, որ շտապ կարգով կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի շուրջ անկարգությունների հետ կապված իրավիճակը, որը տեղի է ունեցել Փարիզի արվարձանում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Լիվերպուլի» և իսպանական «Ռեալի» (0:1) միջեւ եզրափակիչ խաղի մեկնարկը շաբաթ օրը հետաձգվել է 37 րոպեով՝ անվտանգության նկատառումներով: Հազարավոր երկրպագուներ կեղծ տոմսերով փորձել են մուտք գործել մարզադաշտ, ինչը անկարգություններ է հրահրել։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ կարգը վերականգնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Նշվում է, որ հետաքննությունը կանցկացվի Ֆրանսիայի իշխանությունների և ոստիկանության, ինչպես նաեւ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ:
Ի սկզբանե Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանար Սանկտ Պետերբուրգում, սակայն Ուկրաինայում իրավիճակի սրման կապակցությամբ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում էր կայացրել ռուսական քաղաքին զրկել խաղը անցկացնելու իրավունքից: