Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից, այս ոչ-ոքիի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը դժվարին պայքարում առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ-ոքի պարգևելով Հայաստանի թիմին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:
ՖԻԴԵ-ի կայքի տեղեկություններով՝ Հայաստան-ԱՄՆ խաղն օրվա ամենադիտարժան հանդիպումն է եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armenia Today-ը, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը: